ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիվարչությունից։
Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով:
Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:
Կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նախատեսում է կատարել հետևյալ ներդրումները՝
- դասախոսական անձնակազմի վերապատրաստում մասնագիտական և մանկավարժական ծրագրերով,
- ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի մասնակի համալրում,
- շենքային պայմանների որոշակի բարելավում,
- շենքի մշտական ջրամատակարարման ապահովում՝ խմելու ջրի ռեզերվուարների տեղադրմամբ,
- ճաշարանի կազմակերպում՝ տարածքի վերանորոգման և կահավորման ընդգրկմամբ,
- հանրակացարանի կահավորում, սանհանգույցների վերափոխում և կապիտալ վերանորոգում,
- քիմիայի և կենսաբանության, ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաների ստեղծում,
- ագրոգործիքների արհեստանոցի ստեղծում,
- 25-տեղանոց ուսանողական ավտոբուսի ձեռքբերում,
- մարզասրահի և ուսանողների ժամանցի սրահի ստեղծում:
Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:
Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի վերակազմակերպումից և հիմնադրամ դառնալուց հետո հաստատությունում կշարունակվի ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի:
Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռվի փորձարկելու և ներդնելու ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելներ՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ: