Անցած տարվա մայիսի 12–ից մինչ այժմ ադրբեջանական զորքերի կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, օկուպացված է մեր պետության 40-45 քառակուսի կմ տարածք. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցած տարվա մայիսի 12–ից մինչ այժմ ադրբեջանական զորքերի կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, օկուպացված է մեր պետության 40-45 քառակուսի կմ տարածք:

Թեև ադրբեջանական զորքերի ներթափանցման ժամանակ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ նման պայմաններում հնարավոր չէ գնալ սահմանագծման և սահմանազատման, սակայն կարճ ժամանակ անց հետքայլ է արվել այդ հայտարարությունից՝ շրջանառության մեջ դնելով «հայելային հետքաշման» թեզը:

Այս ամենը փոխեց նաև միջազգային հանրության արձագանքը հարցի վերաբերյալ, որոնց դիրքորոշումը մինչ այդ հստակ էր․ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։

Ադրբեջանական զորքերի ներկայության պայմաններում հնարավոր չէ խոսել իրական խաղաղության կառուցման կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին:

Փաստացի, սա ցույց է տալիս, որ մեզ հետ խոսում են ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից, իսկ մեր պաշտոնյաները իրենց անզգույշ հայտարարություններով յուրատեսակ կերպով «արդարացնում» են Բաքվի գործելաոճը՝ փորձ անելով քողարկել սեփական դիվանագիտական և բանակցային ձախողումները։

«Ապրելու երկիր» կուսակցության համոզմամբ՝ անթույլատրելի է մոռացության տալ վերոնշյալ հանգամանքը և օր առաջ օրակարգ վերադարձնել ադրբեջանական զորքերի ներկայության անթույլատրելիությունը, շարունակել ջանք գործադրել այդ ուղղությամբ՝ հասցեական և հստակ ուղերձներով, առաջ մղելով առանց ատելության խոսքի խաղաղության կառուցման ճանապարհը»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել