1994 թվականի մայիսի 12-ին մեր փառապանծ բանակը զինադադար պարտադրեց Ադրբեջանին: Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, մայիսի 12-ը մեզ համար հաղթանակի օր էր: Այս մասին ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Նախորդ տարի մայիսի 12-ին, այս իշխանության գործունեության հետևանքով ադրբեջանական զորքերը մտան Սյունքի մարզ և գրավեցին Սև լճի տարածքը: Այդ ագրեսիայի պատասխանը իշխանության կողմից եղավ այն, որ ինչ եք կարծում այդ լճի 3 տոկոսի համար պետք է գնայինք բախումների:
Ժողովուրդ ջան մենք մայիսի 12-ի հաղթանակի օրը վերականգնելու ենք: Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործություններից մեկը նաև այն է, որ այս ամբողջ մեղքը փորձում է բարդել բանակի ու ժողովրդի վրա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մեր վստահությունը օրվա իշխանությունը կորցրել է մեր դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի նկատմամբ:
Վերջինս նաև վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բոլոր ուղղություններով է խաբել:
«Խոստացել է տնտեսական աճ, բայց 4 տարվա մեջ 4 միլիարդ դոլարով ավելացրել է պետական պարտքը: Խոստացել էին ժողովրդավարություն, բայց բերել են բռնապետություն: Նրանք չեն հարգում քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը: Տեսնում եք, թե ինչ են անում ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ: Օրվա իշխանությունները խոստացան սեր և համերաշխություն, բայց բերեցին ատելություն և պառակտում: Ասել էին, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա ասում են, որ Արցախը Ադրբեջան է»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը դիմելով քաղաքացիներին ասաց, որ իրենց շարժման շնորհիվ գործընթացներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում:
«Բազմաթիվ արժանապատիվ սպաներ և ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ: Հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից: Ինձ փոխանցեցին, որ մայոր Թովմասյան Խաչիկը, որը Կարմիր բերետավորներից է այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից: Նույնը արել է նաև ավագ-լեյտենանտ Նարեկ Հարությունյանը»,- ասաց նա: