Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Տեղեկացնեմ, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ խոսել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ, և փոխվարչապետ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ նրանք պատրաստվում են Մոսկվայում հանդիպել հաղորդակցության հարցերով։ Կա նաև պայմանավորվածություն, որ նույն տեղում՝ Մոսկվայում, նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։