ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով 2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հիշյալ վայրում ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչ է։
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: