Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

«Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Ցավակցում եմ մեր գործընկերուհու հարազատներին, մտերիմներին, կոլեգաներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանաված է, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են տուգանքով՝ 300․000-500․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, փրկարարները Դեբեդ գետից դուրս էին բերել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել էր Ալավերդու ԲԿ-ում, որտեղ արձանագրվել էր վերջինիս մահը։ ԱԻՆ-ից հայտնել են, որ նրանք գետում ռետինե նավով նավարկելիս են եղել (ռաֆթինգ), երբ ընկել են գետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել