«Մեր պայքարի արդյունքում մարդիկ ավելի են համոզվում, որ այս իշխանությունները պետք է գնան»,-երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին միացողների թիվն ավելանում է։
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ չի հաջողվում իշխանափոխություն իրականացնել, Վանեցյանն արձագանքեց. «Իշխանափոխությունը մեկ օրվա գործ չէ, հատկապես դուք տեսնում եք, այս իշխանությունը կառչած է աթոռներից։ Անգամ խոստովանեցին, որ պատերազմը սկսկեցին ու զոհեցին 4 հազար երիտասարդներ բացառապես իրենց իշխանությունը պահելու համար։ Այս պայքարի ընթացքում պետք է համբերություն։ Ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է առաջ»։
Նշենք, որ երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից, այն նախատեսված է ավարտել նույն հրապարակում։ Երթին կհաջորդի հանրահավաք։