Ալիևը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիների խումբ ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում «Հայաստանը և Նիդերլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո՝ պատասխանելով ներկաների հարցերին:

«Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ է, որը դատապարտելի է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ երբ գերիների թեման արծարծվեց, Ադրբեջանը փորձեց դա դարձնել առևտրի առարկա՝ հայկական կողմի ունեցած ականապատ դաշտերի քարտեզներ հետ փոխանակելու համար: «Եվ մենք, երբ տեսանք, որ փորձ է արվում մարդկանց փոխանակել քարտեզների հետ, քաղաքական որոշում կայացրինք, որ մեր արժեքների տրամաբանությունից դուրս է առևտուր անելը: Ադրբեջանը պնդում էր, որ պատերազմի ժամանակ մնացած ականապատ դաշտերի վրա ամեն օր մարդիկ են զոհվում, թիվ էր հրապարկում, և ես անձամբ քաղաքական որոշում կայացրեցի, որ այդ առևտուրը պետք է տեղի չունենա, և մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝ հայկական կողմը դա արել է՝ ցույց տալու խաղաղության օրակարգի մեջ իր անկեղծությունը, իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին:

«Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը: Իմիջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը կարևորեց, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա: Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց շարունակել հորդորները Ադրբեջանին, որ մարդկանց քաղաքական առևտրի առարկա պետք չէ դարձնել:

«Պատերազմը շատերին է ողբերգություն բերել, բայց այդ բաց վերքի վրա անընդհատ աղ լցնելու մոտեցումը չեմ կարծում, թե տեղավորվում է այն արժեհամակարգի մեջ, որը հատուկ է 21-րդ դարին», – նշեց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել