Սամվել Կարապետյանն ինքնաձից կրակ է արձակել երիտասարդ տղաների ուղղությամբ

Արցախի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ին կրակոցներ են հնչել:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) մոտեցել է 4 երիտասարդների, ովքեր մեքենան կանգնեցրել էին «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, և խնդրել է, որ մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակում են: Ինչից հետո վիճաբանություն է սկսվել և Սամվել Կարապետյանը ինքնաձիգից կրակոցնել է արձակել  է, որոնք դիպել են ասֆալտին, մեքենայի դռանը:

Դեպքի վերաբերյալ Iravaban.net-ը մանրամասներ է տեղեկանում Արցախի Հանրապետության դատախազությունից:

Նշենք, որ նա «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի նախագահն է:

Ավելի վաղ ԱՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է.

«10.05.2022թ., երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն»:

Հավելենք, որ 269-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, և որն էլ կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով:

245-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3  տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել