Մայիսի 7-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց «Աբովյան» բժշկական կենտրոնից. Աբովյան քաղաքի էլեկտրոտեխնիկումի հանրակացարանից, դանակահարված վիճակում, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 45-ամյա մի տղամարդ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժածի վիճակը ծանր էր, ի վիճակի չէր որևէ բան հայտնել:
Քրեական հետախույզները մեկնեցին հանրակացարան։ Տեղում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը վնասվածքը ստացել էր ծանոթի բնակարանում, այսպես ասած՝ հերթական գինարբուքի ժամանակ: Վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով նրան խփել էր Աբովյանի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:
Ահազանգից երկու ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Իսկ մայիսի 10-ի առավոտյան «Աբովյան» բժշկական կենտրոնից ստացվեց նոր հաղորդում. դանակահարված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Դանակահարողը կալանավորված է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: