«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում թարս «լաո» է զարթնել. հայտարարություն

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը Հայաստանի խոշոր առողջապահական հաստատություններից մեկն է։ Դեռևս «նախկինների» ժամանակ պետության՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական հաստության կառավարումն անցավ տխրահռչակ, ստվերային միլիոնատեր Երվանդ‎ Զախարյանի ընտանիքին։ Այս մասին հայտարարություն էր տարածել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի անձնակազմը։

«Ու ինչպես ընդունված է բիզնեսի վարման «հայկական»‎ օրենքներով, Զախարյանը չկատարելով ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես ներդրումների մասով, տարիներով հիվանդանոցից քամեց հնարավորինը։ Շեշտում ենք՝ խոսքը պետության հաշվեկշռում գտնվող բժշկական հաստատության մասին է։

2018թ.-ի իշխանափոխությունից հետո հույս առաջացավ, որ հիվանդանոցը վերջապես կսկսի աշխատել ի օգուտ շարքային քաղաքացիների։ Ցավոք, ոչինչ չփոխվեց։ Տեղի ունեցավ հակառակը։ Զախարյանների ընտանիքը հաշվի չառավ նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ԲԿ անձնակազմի իրականում անձնուրաց գործն ու նվիրվածությունը։ Ագահությամբ երևի թե միայն Կռեզին զիջող ՀՀ նախկին կադաստրի կոմետեի պետի, Երևանի նախկին քաղաքապետի ախորժակը անհագ է։ Նա փող է ուզում, ուրիշ ոչինչ։

Մամուլում արդեն հրապարակումներ եղել են, որ որ հիվանդանոցում սկսվել է կադրային ջարդ, տիրում է ապօրինի և մասնագիտական էթիկայից դուրս իրավիճակ: Երվանդ Զախարյանը հիվանդանոց է բերել նոր ղեկավարություն՝ որի արտաբերած յուրաքանչյուր բառ ու կատարած գործողություն փաստում են՝ նպատակը բացառապես փողն է։

Ընդգծենք՝ առողջապահական համակարգի յուրաքանչյուր արհեստավարժ կադրի դեմ ցանկացած ապօրինի քայլ՝ ոտնձգություն է ՀՀ քաղաքացու կյանքի որակի, նրա առողջության դեմ։

Փետրվարից ԲԿ տնօրենի պաշտոնում նշանակված Սերգեյ Միրզոյանն ու հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աննա Մարտիրոսյանը ոչ արհեստավարժության, առողջապահական հաստության մարքեթինգի իմացության ու բազմաթիվ այլ պահանջվող որակների առումով պարզապես գտածո են Երվանդ Զախարյանի անհագ ախորժակի համար։ Հիվանդանոցում տիրող անառողջ մթնոլորտն ու մասնագիտական ունակ կադրերին սեփական «‎անգրագետներով» (կամ սիրուհիներով) փոխարինելու հերթը հասավ ԲԿ բաժնի վարիչներին։

Հարցն իրականում խորքային է։ Մենք ուզում ենք արժանապատիվ երկրում ապրել։ Ուզում ենք, բայց չի ստացվում։ Գոռում ենք «‎հպարտ քաղաքացի»՝ փոխարենը ստանում ենք անարգանք ու ստորացում, գոռում ենք «‎լաո, զարթնի՛ր»՝ փախարենը զարթնում է Երվանդ Զախարյանն ու նոր թափով սկսում ավիրել մեր ու ձեր առողջությունը։

Հարցը Սերգեյ Միրզոյանն ու Աննա Մարտիրոսյանը չեն՝ նրանք որքան էլ որ գտածո լինեն, միևնույն է շարքային դրածո են։ Հարցը արդարության ու արժանապատվության վերականգնում է։

Դիմում ենք Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պատկան պետական բոլոր կառույցներին. տեր կանգնե՛ք ձեր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկին։ Այսպես այլևս հնարավոր չէ շարունակել։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը պետք է բացառապես ծառայի իր առաքելությանը, այլ ոչ թե ժառայի Զախարյանների ընտանիքի քմահաճույքներին։

Հ. Գ. 1. Երվանդ Զախարյանին պետական ունեցվածքի և միջոցների վատման մեղադրանք է առաջադրված։

Հ. Գ. 2 2023թ.-ի հունվարի 1-ին ավարտվում է Երվանդ Զախարյանի ընտանիքին պատկանող է «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել