Ագրարային համալսարանն ապաքաղաքական բուհ է. երբևէ չենք սպասարկելու որևէ քաղաքական ուժի շահերը. Հայտարարություն

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել ընդդիմության ցույցերին համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ներգրավելու երեկվա փորձի առնչությամբ։

«Երեկ՝ մայիսի 10-ին, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ և իմաստազուրկ փորձը և համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, ունեն ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունք, և որևէ մեկը, ոչ համալսարանում և ոչ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, այդ թվում՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով երաշխավորված՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու նրանց իրավունքի և ազատության վրա։

Պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ արձանագրում ենք, որ Ագրարային համալսարանը ապաքաղաքական բուհ է, և մենք որևէ պարագայում երբևէ չենք սպասարկելու որևէ քաղաքական ուժի շահերը։ Ագրարային համալսարանը պետական բուհ է, որը սպասարկում է Հայաստանի պետության և քաղաքացիների կրթական, գիտական, տնտեսական և ազգային շահերը։

Այս կամ այն քաղաքական ուժի, խմբի կամ խմբակի շահերի իրացման նպատակով Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման, ինչպես եղավ վերոնշյալ դեպքում։

ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը քաղաքական տարբեր ճամբարների անունից հանդես եկող գործիչներին ու համակիրներին, լրագրողական համայնքին և շահակիցների լայն հանրությանը հրավիրում է համագործակցության մի բուհի հետ, որ վերջին տարիներին որակական թռիչք է կատարել ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհին։

Մեր երիտասարդական ավյունն ու թանկ ժամանակը եկեք օգտագործենք ուսման, աշխատանքի, գիտության զարգացման ու հայրենիքի հզորացման համար», – ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել