Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցը սկսել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ծաղիկներ են խոնարհել նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները, Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանն Ասենում տեղադրվել է 2001 թվականին:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառման բացման արարողությունը տեղի է ունեցել Ասենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ: Նաև ելույթ է ունեցել Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը, ով նշել է, որ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:
Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Դրենթեում Թագավորի հարգելի հանձնակատար,
Հարգելի քաղաքապետեր,
Հարգելի պարոն Թուփան,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ, որ վերջապես սկսում ենք «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ուշագրավ ցուցահանդեսը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի խորհրդանշական տարում։
Այս միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ և երկու անգամ հետաձգվել է՝ COVID-19-ի պատճառով։ Մենք վերջապես այստեղ ենք՝ հոլանդական և եվրոպական հանրությանը ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության մի նոր շերտ։
Այս տարի հայկական մշակույթը Նիդերլանդներում ներկայացվում է աննախադեպ ձևով։ Հայաստանի պատմության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասունքների և արժեքավոր իրերի ցուցադրությունը նոր լույս կսփռի պատմության խորքից բխող հայկական մշակութային ժառանգության վրա։
Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները։ Հավատարիմ լինելով ընդհանուր արժեքներին և ազգային ինքնություններին` մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և խորապես հետաքրքրված փոխթափանցող մշակույթներով:
Հայ-հոլանդական փոխազդեցությունների մասին առաջին հիշատակումը վերաբերում է IV դարին։ 17 և 18-րդ դարերում Ամստերդամը եղել է հայ տպագրության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ 1660 թվականին հայ հոգևորական և հրատարակիչ Մատթեոս Ծարեցին հիմնել է տպարան: 1666 թվականին հայ հոգևորական Ոսկան Երևանցին տպագրել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագիր հրատարակությունը 5000 օրինակով` հիմնված 13-րդ դարի Կիլիկիայի թագավոր Հեթում Երկրորդի հրամանով գրված Աստվածաշնչի վրա: Հրատարակիչը համագործակցում էր հոլանդացի մեծանուն դրոշմակնիք կտրող Քրիստոֆել վան Դայքի հետ: Սա մշակութային փոխազդեցության հիանալի օրինակ է և վկայում է Հայաստանի և Նիդերլանդների քաղաքակրթության նույն ակունքների մասին:
Հայ-հոլանդական վաղեմի փոխազդեցության մեկ այլ դրվագ այն է, որ հայ վաճառականները 16-րդ դարում Հոլանդիայում հիմնել են առևտրային տներ: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին կառուցվել է 1714 թվականին հայ վաճառականների կողմից, որը հետագայում դարձել է Ամստերդամի հայերի հասարակական և մշակութային կյանքի կենտրոնը։ 1700-ականներին Ամստերդամում արդեն 70 հայ ընտանիք էր ապրում։ Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում Ջուղայից հայ վաճառականների համար ծառայել է որպես տարանցիկ ճանապարհ, այժմ կոչվում է «Հայկական կամուրջ»։
Այս տպավորիչ հավաքածուի շնորհանդեսը Դրենց թանգարանում և երկլեզու կատալոգը ուժեղ խթան կհանդիսանա երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համար և թույլ կտա հազարավոր այցելուների բացահայտել Հայաստանի անցյալը Արարատի ստվերի ներքո, որը մշտապես եղել է համընդհանուր խորհրդանիշ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների համար և շարունակականության ուղեցույց։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի նախաձեռնողներին, նրանցից ոմանք ներկա են այսօր, և նրանց, ովքեր աջակցել են դրա իրականացմանը՝ անկախ դժվարություններից։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ իսկապես ուրախ եմ ներկա գտնվելու այս միջոցառմանը և անհամբեր սպասում եմ նմանատիպ հոլանդական ցուցահանդեսի անցկացմանը Հայաստանում»:
Այնուհետև Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար: Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական պարգևներով են պարգևատրվել Ինգե Դրոստը, Անդրե Ռավուտը, Լին վան Դայկը, Հարրի ֆան Բոմելլը, Աննա Մարիա Մատտարը: Մասնավորապես, Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալներով, Հարի վան Բոմմելը, Լին վան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով, Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով:
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկին Դրոսթ, պարոն Ռավուտ, պարոն վան Դայկ, պարոն վան Բոմել,
Շատ ուրախ եմ ողջունել Հայաստանի պետական պարգևներ ձեզ շնորհելու այս հանդիսավոր արարողությանը։ Ցանկանում եմ նշել, որ սա մեր ջերմ երախտագիտության և գնահատման արտահայտումն է ձեր գործունեությանը` որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, և ձեր աջակցությանը` Հայաստանի համար շատ կարևոր հարցերում, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների խթանման և պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում։
Շատ կարևոր է հայկական մշակույթի հանրաճանաչումը Նիդերլանդներում, հոլանդական մշակույթի հանրաճանաչումը Հայաստանում, ինչն, իհարկե, խորացնում է երկկողմ հումանիտար կապերը մեր բարեկամ երկրների միջև։ Իհարկե, հարկավոր է նշել նաև այլ՝ քաղաքական, հումանիտար աջակացությունը, և ես կցանկանայի նշել, որ մենք երախտապարտ ենք ձեզ և ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամ: Ապավինում ենք ձեզ և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ: Հույս ունեմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը հայկական ժողովրդավարությանը և խաղաղության օրակարգին, և իհարկե, Արցախի և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին։
Համոզված եմ, որ այս համագործակցության, բարեկամության արդյունքում կկարողանանք այս աշխարհն ավելի լավը դարձնել։
Շատ շնորհակալ եմ և Հայաստանի ու Արցախի ժողովրդի անունից իմ գնահատանքն եմ հայտնում ձեր աջակցության ու բարեկամության կապակցությամբ»:
Վերոնշյալ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն – 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: