Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին․ «Որպես ուսումնական տարվա ավարտ, փորձեք վերլուծել արված աշխատանքները, Ժամանակահատվածն ինքնին խոսուն է, տարվա ավարտը ենթադրում է ծանր աշխատանքային ընթացք հատկապես այն դպրոցների համար, որոնք ունեն ավարտական դասարաններ։ Պետք է ավելի հետևողական և ուշադիր լինենք գործընթացին։ Նախորդող տարիների նման, այս տարի ևս սոցիալական բազմաբևեռվածությունն ավելի ցցուն կերպով արտահայտվում է ավարտական դասարաններում։ Խստիվ արգելելու և հսկողություն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել դժգոհություններից: Բացառել ցանկացած տեսակի դրամահավաքը, որն արդեն իսկ մեծ դժգոհություն է առաջացրել»։
Խոսելով այն մասին, որ կրթությունը պետք է հեռու պահել քաղաքականությունից, մարզպետը կոչ է արել կրթօջախը ծառայեցնել նպատակին, որտեղ երեխան ստանում է հիմնարար գիտելիքները և ձևավորվում որպես անհատ ու քաղաքացի։
Մարզպետը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման սկզբից մինչ օրս կրթական գործընթացը, դպրոցների տնօրենների մրցույթների կազմակերպումն ու անցկացումը եղել են խիստ օբյեկտիվ, նշել, որ յուրաքանչյուր պատասխանատու իր աշխատանքում ազատ է՝ իրականացնելու օրենքով սահմանված լիազորություններն ու պարտականությունները: Նազելի Բաղդասարյանը հորդորել է հատկապես համայնքային դպրոցներին զերծ մնալ այնպիսի հաստիքային միավորներից, որոնց առկայության դեպքում կարող են նպատակային չօգտագործվել պետական միջոցները և սահուն անցում կատարել դպրոցները երիտասարդ կադրերով համալրելուն։
Շիրակի մարզպետը կարևորել է տնօրենների նախաձեռնողականությունը, նորարար գաղափարներով հանդես գալը, որոնց իրականացմանը միտված են լինելու պատասխանատուների ջանքերը։ Անդրադարձ է կատարվել այն նախաձեռնությանը, որն իրականացվելու է բոլոր այն դպրոցներում, որոնք ունեն զոհված զինծառայողներ, այդ դպրոցներում անվանական ծառեր են տնկվելու՝ ի նշան կյանքի շարունակականության։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը պատասխանել է դպրոցի տնօրեններին հետաքրքրող հարցերին։