Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում. ՊՆ

Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ:

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսի, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսի գլխավորած պատվիրակությունները:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և եռակողմ ձևաչափերով իրականացվող ռազմական համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկվել համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը:

Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել են 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը (Հայաստանի և Կիպրոսի երկկողմ ռազմական համագործակցության 2022թ. ծրագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբեր ամսին):

Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք ներառում են մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության, ռազմական բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում, փորձի փոխանակում տարբեր մասնագիտական ուղղություններով, տեղեկատվության փոխանակում և ռազմական խորհրդակցություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել