Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն – 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: