Երեւանում անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպին։
Նա նշել է, որ իշխանությունը տնայնագործական սադրանքների է գնում․ «Երեկ մի ձայնագրություն լսեցի, որտեղ երկու ՔՊ-ականով ընդդիմության հանրահավաքին մարդ բերելու համար իբր մեկը մեկին փող է բաժանում, ուղղակի մեղք են»։
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ցուցարար երիտասարդները ծեծի էին ենթարկել տարեց տղամարդկանց, նա ասաց.
«Այդ պապիկ-պապիկ որ ասում են, ուղղակի ես մեքենայի մեջ էի, թե չէ առաջիններից մեկը ես կլինեի: Էդ պապիկներից որեւէ մեկը պապիկ չէր: Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը, վստահաբար նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր: Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոն ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է: Կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի»:
Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում: