Դատարանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ

Րոպեներ առաջ դատավոր Մարիկյանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց։ Այս  մասին հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փողոցը փակել են աղբամաններով, որի հետևանքով խոչընդոտվել է երթևեկությունը: Բացի այդ, վերջիններս բարձրաձայն վիճաբանել են, քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ նրանցից մեկը ոտքով հարվածել է փողոցով ընթացող ավտոմեքենային:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ցուցարարներից մեկի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս արարքին գնահատական տալու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել