Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը՝ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների և ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժի վերաբերյալ

Փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Մարինե Ֆարմանյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Մանե Կարապետյանի,

2022 թվականի մայիսի 8-ին, ուսումնասիրելով փաստաբանների, լրագրողների և այլ քաղաքացիների հրապարակային ահազանգերը, պարզել է, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող խաղաղ հավաքների և քաղաքացիական ակցիաների ընթացքում ի հայտ են եկել Սահմանադրությամբ ամրագրված, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների աննախադեպ և համատարած խախտման ու ոտնահարման դեպքեր, որոնք ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողություններով:

 ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել է հետևյալը.

Մասնավորապես, այս օրերին ծավալվող հավաքների, բողոքի ակցիաների և երթերի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից «հասարակական կարգի պահպանության» անվան տակ իրականացվում են անհիմն և անօրինական գործողություններ, այդ թվում՝

  • առանց տարբերանշանների ոստիկանության ծառայողների ներգրավմամբ.
  • առանց հիմքի քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելով.
  • առանց հիմքի տրանսպորտային միջոցներն առգրավելով և անհիմն պահելով,
  • ոստիկանության ծառայողների հայհոյախառն և ժարգոնային խոսքերով,
  • ոչ անհրաժեշտ ու չհիմնավորված ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների կիրառմամբ,
  • անչափահասների և կանանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմամբ:

Նշված գործողությունները, ի թիվս այլ քաղաքացիների,  իրականացվել են նաև մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացներին։

Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների, այդ թվում` անչափահասների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը։ Անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվում է իրավաբանական օգնության տրամադրումը փաստաբանության միջոցով և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մշտապես կարևորել է և ուշադրության կենտրոնում է պահել մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման հարցը:

Վերոգրյալով պայմանավորված, դատապարտելի է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ցանկացած խախտում կամ ոտնձգության որևէ փորձ։

Ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝

–      Ոստիկանության ծառայողներին՝ զերծ մնալու մարդու իրավունքները և ազատությունները խախտող որևէ ապօրինի գործողությունից.

–      Ոստիկանության ղեկավարությանը՝ լուծելու ապօրինություն դրսևորած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել