Գայանե Ու․-ն սուտ մատնություն է կատարել: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 2022 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 11:25-ի սահմաններում, Գայանե Ու․-ն վիճաբանել է որդու՝ Ս․Ու․-ի հետ, որի ընթացքում նա զանգահարել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և գիտակցելով, որ իր հայտնած տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է, որ որդին թմրանյութի ազդեցության տակ ծեծում է իրենց:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ս․Ու․-ն մորը կամ ընտանիքի որևէ անդամի ծեծի չի ենթարկել և որևէ բռնություն չի գործադրվել։
Նշվում է, որ մայրը որդու հետ վիճաբանելու ընթացքում նյարդայնացել է վերջինիս կողմից իր վրա բղավելու և ձեռքով պատին հարվածելու հանգամանքից ու կարծելով, թե որդին թմրանյութ է օգտագործել, նրան սաստելու համար զանգահարել է ոստիկանություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։
Գործը դատարան է ստացվել ապրիլի 12-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։
Գայանե Ու․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին (Սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է) հատկանիշներով։
Նրա նկատմամբ խափանմանմիջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: