Ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, որ այսօր 15։30-ին Վերաքննիչ դատարանում մեկ այլ նիստի պետք է մասնակցի։ Նաև տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվելու է իր պաշտպանյալի՝ կալանքից ազատելու հարցը։
Այս մասին հայտնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:
Դատավորն ընդմիջում հայտարարեց՝ դատարանի հետագա գործողությունները քննարկելու։ Այդ ընթացքում Լուսինե Սահակյանը հեռացավ դահլիճից։ Ընդմիջումից հետո Դանիբեկյանը վերադարձավ դահլիճ և հայտարարեց, որ հետաձգում է դատական նիստը մինչև մայիսի 10-ը։
Հիշեցնենք, որ «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 դրամին համարժեք 3․000․000 դոլար կաշառք։
Ըստ մեղադրական եզրակացության Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», – նշվում է մեղադրանքի մեջ։