Ազգային ժողովը մայիսի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Սակայն, Հայաստանի կառավարությանն օրենքով դեռեւս տրված չէ այդ լիազորությունը: Սա հաշվի առնելով` նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել` հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետներն ու եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:
Պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որքա՞ն է եղել այն մարդկանց թիվը, ովքեր դիմել են` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ 2021թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 8591 անձ, որից առաջին եռամսյակում 1611 դիմում է եղել: 2021թ. հունվարի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 1898 դիմում, իսկ փետրվարի 24-ից ապրիլի 20-ը` 941 դիմում: 2022թ. առաջին եռամսյակում Ոստիկանությունը ստացել է 3206 դիմում, միայն հունվարի 1-ից ապրիլի 20-ը` 4696, իսկ փետրվարի 24-ից ապրիլի 20-ը` 3278 դիմում: Այսինքն` մոտ 3 անգամ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ ցանկացող անձանց թիվը:
Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն: