Գործունեության ի՞նչ պահանջների պետք է համապատասխանեն շահումով խաղերը և խաղատները

«Շահումով խաղերի և խաղատների մասին»  ՀՀ օրենքի համաձայն`

1. Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86 տոկոս:

2. Կազմակերպիչը`

ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.

ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).

ժ) շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ժա) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:

3. Խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում:

2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել`

ա) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել