Մի քանի օրից բոլոր խմբերը կհանդիպեն Երևանում. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի անդամները շարունակում են իրենց քայլերթը Հայաստանի տարբեր անկյուններից։

Առաջին խմբի քայլերթն սկսվել է Իջևանից։ Պատգամավորներն իրենց համակիրների հետ հասել են Հրազդան։ Ճանապարհին նրանց միացել են տարբեր համայնքների բնակիչներ, իսկ Սևանի բնակիչներն իրենց պատշգամբներից կախել են Հայաստանի ու Արցախի դրոշները։

Այս մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Մյուս խումբն իր քայլերթն սկսել է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրից։ Ճանապարհին նրանց միացել են Նորակերտ համայնքի բնակիչները, իսկ մեքենայով անցնող քաղաքացիներն ազդանշաններով ողջունել։ Միասին նրանք հասել են Փոքր Վեդի։

Այսօր դիմադրության ճանապարհն են բռնել ևս երկու խումբ։ «Երիտասարդի ձայն» շարժման մասնակիցները «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հետ շարժվել են Սարդարապատից։ Մրգաշատում նրանց դիմավորել են աղուհացով։ Խումբը հասել է Մեծամոր, որտեղ ծատառունկ է կազմակերպել։

Քայլերթի չորրորդ ուղղությունը ձգվում է Ապարանից։ Այս քայլերթի մասնակիցները հասել են Հարթավան գյուղ։

Մի քանի օրից բոլոր խմբերը կհանդիպեն մայրաքաղաք Երևանում։

Հնարավոր է սա տեքստ-ի նկարն է
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել