Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշում է, որ աշխատանքները խիստ կանոնակարգված են ընթանում, և խոչընդոտներից խուսափելու համար ապամոնտաժող աշխատանքային խմբերը տնտեսվարողներին նախապես են տեղեկացնում ապամոնտաժման օրն ու ժամը։
«Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն են հայտնում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աջակցությամբ տրամադրվում է անվճար խորհրդատվություն։ Տնտեսվարողներ կան, որ իրենց ուժերով են ապամոնտաժում օրենքի խախտումով իրենց վահանակները. դիզայներական աշխատանքներն ու խորհրդատվությունը նրանց տրամադրում ենք առաջնահերթությամբ»,- նշել է Արազ Բաղդասարյանը։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքում գույքագրված, օրենքին չհամապատասխանող գովազդային միջոցները 3000-ն են եղել, որոնց մեծ մասը՝ 1300-ը, Կենտրոն վարչական շրջանում։ 12 վարչական շրջաններից 9-ում դրանց ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են։
Գովազդի և լեզվի մասին օրենքներին չհամապատասխանող գույքագրված ցուցանակների ապամոնտաժումն ամբողջությամբ կավարտվի մինչև օգոստոսի 1-ը, ընդ որում, այս օրերին բոլոր վարչական շրջաններում զուգահեռաբար ընթանում են կրկնակի ստուգումները։
Լուսանկարը` yerevan.am-ի