Ինեկոբանկը հավատարիմ է մնում բարի գործերի իրականացմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված իր մոտեցումներին։
Մայիսի 1-ին կկայանա «Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք» թվով 3-րդ բարեգործական մրցարշավը։ Հանդիպման վայրն անփոփոխ է․կրկին վազում ենք մայրաքաղաքի թթվածնային կենտրոնում՝ Հրազդանի կիրճում։
Միջոցառումն այս տարի իրականություն կդառնա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ուսումնական մասնագիտական դասընթացներ կազմակերպելու առաքելությամբ։ Մասնակիցները կլինեն սահմանամերձ բնակավայրերից, որտեղ և կկազմակերպվեն դասընթացները։
Այս տարվա բարեգործական վազքի ողջ հասույթն ուղղվելու է «Հայ Մայրեր» ՀԿ-ին, որը և կազմակերպելու է մասնագիտական դասընթացները։ Սա Ինեկոբանկի և «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպության շարունակական համագործակցություններից մեկն է, սակայն եզակի է նրանով, որ մեկտեղում է սպորտն ու բարեգործությունը։
Մրցարշավին մասնակցելու են շուրջ 700 վազորդ՝ երեխաներ և մեծահասակներ, մրցելու են 1կմ, 5կմ, 10կմ և էստաֆետա մրցատարածություններում։
«Ինեկոբանկն իր գործունեության 26 տարիների ընթացքում մշտապես կարևորել է բարեգործական նախաձեռնություններին մասնակցությունը։ Սա մեր ավանդական գարնանային բարեգործական վազքն է և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ միավորում է բարին գործելու պատրաստակամություն, առողջ ապրելակերպի ձգտում և սոցիալական բարձր պատասխանատվության զգացում ունեցող անհատներին և ընտանիքներին մեկ վազքուղու վրա։ Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս առաջնահերթությունն է»,- նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:
Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք 2022-ի կազմակերպիչն է «Արմ Մարաթոն» հիմնադրամը, որը 2015 թվականից ի վեր նախաձեռնում է վազքին առնչվող տարբեր միջոցառումներ՝ նպաստելով առողջ ապրելակերպի և սպորտային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։
Այսպիսով, հանդիպում ենք մայիսի 1-ին՝ ժամը 09:00-ին, Երևանի ամենականաչ հատվածի վազքուղում՝ Հրազդանի կիրճում։
Գրանցման և մանրամասների համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական էջ։