Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է:
Վերահսկիչ պալատն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, դատարանում կարող է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Վերահսկիչ պալատի նստավայրը Երևան քաղաքն է:
Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է դիտարկումների, ստուգումների, վերլուծությունների ձևերով:
Վերահսկիչ պալատն իրականացնում է վերահսկողության հետևյալ տեսակները` ֆինանսական, համապատասխանության, արդյունավետության (կատարողական) և բնապահպանական վերահսկողություն։
Իր գործունեության իրականացման ընթացքում վերահսկիչ պալատն ազատ է վերահսկողության ձևի և տեսակի ընտրության հարցում, բացառությամբ, եթե սահմանված է տվյալ վերահսկողության առարկայի համար վերահսկողության որոշակի տեսակ։