Մի քանի ժամ է Լեո-Պարոնյան խաչմերուկ են գալիս քաղաքացիներ, մոմեր վառում ու խաղալիքներ թողնում չծնված բալիկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Վերջինս ձերբակալվել է:
Ինչպես արդեն հայտնել ենք, վրաերթի ենթարկված հղի կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն սրտի կանգով, ինչի մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Նրա խոսքով՝ մոտ մեկուկես ժամ բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն չի հաջողվել: