Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզ է վերադարձել ծովափնյա Լե Տուկե (Ֆրանսիայի հյուսիս) համայնքից՝ Ելիսեյան պալատից հետևելու նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակմանը։
Նախագահի ավտոշարասյունը նրա նստավայր է ժամանել Փարիզի ժամանակով 18:20-ին (Երևանի ժամանակով 20:20-ին): Ֆրանսիայի ղեկավարի հետ ընտրությունների արդյունքներին կհետևի նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը։
Նստավայրում, ըստ նախագահին մոտ կանգնած աղբյուրների, նա վերջնական փոփոխություններ կանի ելույթի տեքստում՝ կախված քվեարկության արդյունքներից։ Երկրորդ փուլի նախնական արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) ընտրատեղամասերի փակումից հետո:
Մակրոնի շրջապատից հայտնել են, որ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկրի ղեկավարը մտադիր է Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Champ de Mars ճեմուղում իր կողմնակիցներին ուղերձ հղել։ Այնտեղ արդեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել, հանրահավաքի տարածքը հսկում են ոստիկաններն ու ժանդարմերիան։