Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի Օմբուսդմենները:
Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների իստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտին և Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային այլևս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին ստով և անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին: Բացի այդ, Հայաստանի Օմբուդսմենը, Մոլդովայի խորհրդարանական փաստաբանների աշխատանքը համակարգող Անատոլի Մունթեանուի միջոցով Մոլդովայի խորհրդարանին է փոխանցել Աուրելիա Գրիգորիուի պաշտոնանկության պահանջն ու դրա իրավական հիմնավորումները: Մանրամասները ներկայացված են ստորև.
Պաշտպանի աշխատակազմ
«Հարգելի գործընկերներ,
Սույն նամակով տեղեկացնում եմ, որ հուլիսի 3-ից 5-ը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված համաեվրոպական համաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանն անվանել է ագրեսոր երկիր, իսկ հայերին մեղադրել ցեղասպանության մեջ:
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մեղադրանքները ոչ միայն հակասում են պատմական իրականությանը, այլև կարող են դիտարկվել որպես էթիկական նորմերին հակասող և անհարգալից վերաբերմունք Հայաստանի հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, առավել ևս անարդար են մի ազգի նկատմամբ, ով իր պատմության ընթացքում տեսել է 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ 1988-1992թթ. Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և Շուշիում ենթարկվել է էթնիկ բնաջնջման, մասսայական կոտորածների, խոշտանգումների և տեղահանման:
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վարքը հակասում է Միջազգային օմբուդսմենների իստիտուտի, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտի, Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիայի կանոնադրությանը, որոնց անդամներն են հանդիսանում մեր երկու պետությունները:
Այսպիսով, բոլոր վերոնշյալ կազմակերպություններին, ինչպես նաև Մարդու իրավունքներով զբաղվող այլ կազմակերպություններին կոչ ենք անում զգոն լինել և Աուրելիա Գրիգորիուին որևէ միջազգային միջոցառման հրավիրելիս ի նկատի ունենալով վերջին իրադարձությունները:
Մենք ստացել ենք Մոլդովայի Խորհրդարանական փաստաբան, մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Անատոլի Մունթեանուի պաշտոնական նամակը, որտեղ նա հայտնում է իր ափսոսանքը և նշում է, որ Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը բարձր է գնահատում Մոլդովայի մարդու իրավունքների կենտրոնի հետ երկարատև համագործակցությունը և հուսով է, որ մեկ մարդու էթիկայի նորմերին հակասող և անարդար վարքը չի կարող վնասել այդ հարաբերություններին:
Հարգելի Անատոլի Մունթենաու,
Հաշվի առնելով, որ Մոլդովայի Խորհրդարանական փաստաբանների մասին օրենքը (Հոդված 8, կետ 2; Հոդված 26, կետ 1 (ա) և (դ)), որտեղ հստակ նշվում է, որ Խորհրդարանական փաստաբանը չպետք է ներգրավված լինի որևէ քաղաքական գործունեության մեջ, չափազանց ուշադիր և զուսպ պետք է լինի իր կողմից արված հայտարարություններում, ինչպես նաև չպետք է ձեռնարկի որևէ գործողություն, որը հակասում է Մարդու իրավունքների պաշտպանի արժանապատվությանը՝ խնդրում եմ Ձեզ սույն նամակը փոխանցել նաև Մոլդովայի խորհրդարան՝ տիկին Գրիգորիուի ստանձնած պարտականությունները վերանայելու և որպես Խորհրդարանական փաստաբան նրա լիազորությոնները դադարեցնելու համար համապատասխան գործընթաց սկսելու նպատակով:Կանխավ շնորհակալություն փոխըմբռնման և համագործակցության համար:
Իրավաբան.net