Մեզնից անսովոր ու գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, պահպանելու համար։ Այս մասին կառավարության ծրագրի՝ 2021 թ. կատարման արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել։ Բայց մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման գործուն երաշխիքը խաղաղությունն է։ Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն»,-նշել է նա։
Ըստ նրա՝ այն մարտահրավերները, որոնք մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի և առաջին հանրապետության ժամանակներից, այսօր ողջ ուժգնությամբ հառնել են։
«Մենք գտնվում են 3-րդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում։ Մի կետ, որի վրա հայոց պետականությունը գտնվել է ոչ մեկ անգամ։ Մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ, լիարժեք համախմբում մեր պետության և պետական ինստիտուտների շուրջ»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված նավը հասցնել խաղաղ հանգրվանի։ Նա ելույթը ավարտեց հետևյալ խոսերով․ «Համոզված եմ՝ մենք դա կանենք։ Դա է մեր պատմական առաքելությունը»։
Խորհրդարանի նիստերի դահլիճում ներկա ՔՊ-ական պատգամավորները ծափահարեցին նրան։