Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Ի պատասխան տարբեր հարցումների՝ պարզաբանում ենք, որ այսօր, Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:

Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել