Անձը ներկայացել է որպես փաստաբան և քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակել

Էդուարդ Խ.-ն` չհանդիսանալով փաստաբանների պալատի անդամ և չունենալով փաստաբանական գործունեության արտոնագիր, 2019 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ներկայացել է որպես փաստաբան և մարզերից մեկի մարզպետի տեղակալ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի մարտի 23-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Նա Մ. Է.-ին և նրա ներկայացուցիչ Ա. Ռ.-ին վստահեցրել է, որ լայն կապեր ունի տարբեր պետական կառույցներում և կարող է հասնել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործերից մեկի վերանայմանը, ստանալ դրական արդյունք և տարբեր պատճառաբանություններով` գործով փորձագետի վճարի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարում կատարելու, մի շարք ընկերությունների կալանքի տակ գտնվող գույքը հետ ստանալու Ս. Ա.-ի դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու, ինչպես նաև ձևավորված վստահությունն ամրապնդելու նպատակով իբր իր բողոքի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, գոյություն չունեցող քրեական գործով տուժող ճանաչելու մասին որոշումը տրամադրելու միջոցով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում պահանջել և ստացել է 14.600 դոլար գումար ու խաբեությամբ հափշտակել այն:

Էդուարդ Խ․-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ( Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել