Հայտնաբերվել է տարիներ առաջ կատարված սպանության փորձի համար հետախուզվող անձը

Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ դեռևս 2019թ. փետրվարին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող անձը, ով Հաղարծին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1984թ.:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցը մեղադրյալի մասնակցությամբ կրկնակի քննարկելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, մի խումբ անձինք, Իջևան-Դիլիջան-Սևան մայրուղուց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք տանող ավտոճանապարհին, ապօրինի պահվող 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ էին արձակել Տավուշի մարզի՝ 1979թ. ծնված բնակչի կողմից վարվող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ վերջինիս փախուստի դիմելու արդյունքում, հանցագործությունն ավարտին չէին հասցրել և դիմել էին փախուստի:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել էին մի խումբ անձինք, կատարվել էին ծավալուն քննչական գործողություններ, նշանակվել էին դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 33 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ, դատարկ պահունակ և երկու հատ գնդակ:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը, ով Դիլիջան քաղաքի՝ 1988թ. բնակիչ է, հայտնաբերվել էր և նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում նշված անձին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակել), նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մասնակիցներից մյուսին, ով Հաղարծին բնակավայրի բնակիչ է, հաջողվել էր թաքնվել. վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել