Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար. հայտարարություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում նշվում է.

«Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր»,- նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել