Մենք ո՛չ Ռուսաստանից պետք է նեղանանք, ո՛չ էլ Արևմուտքից, մեզ չեն դավաճանում և չեն խաբում. Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի անվտանգության խորհուրդը Ն․ Փաշինյանի գլխավորությամբ Ադրբեջանին առաջարկել է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Միաժամանակ, ընդգծվել է, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

Տառացիորեն երկու շաբաթ առաջ էլ Հայաստանը դիմել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ ՀՀ-ն ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

Իսկ դրանից 2 օր առաջ էլ Ադրբեջանն էր դիմել Հայաստանին 5 կետանոց առաջակություներով։

Անվտանգության խորհրդի հայտարարության բովանդակությունը հնարավորություն է տալիս արձանագրել, որ․

1․ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի մնացյալ հատվածի նկատմամբ ռազմական ագրեսիայի հավանականությունը մեծ է, և ցանկացած պահի Ադրբեջանը կարող է դիմել ռազմական սադրանքի։
2․ Ռուսական խաղաղապահ առաքելությանը չի հաջողվում իրականացնել իր առջև դրված խնդիրը, որի հետևանքով Հայաստանը դիմում է միջազգային հանրությանը՝ ակնկալելով
միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:

Վերը նշված զարգացումները մի շարք հարցեր են ծնում։ Մասնավորապես՝

1․ Ինչու՞ հիմա հատկապես ակտիվացավ Ադրբեջանը, և որքանո՞վ է իրական նրա կողմից նոր պատերազմ հրահրելու հավանականությունը։
2․ Ի՞նչ հաշվարկներ են դրված Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հիմքում, և ովքե՞ր են նրան քաջալերում։
3․ Ռուսական խաղաղապահ առաքելությունը ինչու՞ պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները։
4․ Ինչո՞ւ մինչև հիմա իրավական առումով չի սահմանվել ռուսական խաղաղապահ առաքելության իրավասութունները։
5․ Ի՞նչ են պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով իրնեց ներկայացված դիմումին։
6․Ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն պայմանագրի կնքման հնարավորության մասին, և արդյո՞ք ինքը նպաստում է այդ պայմանագրի կնքման գործընթացին։
7․ Հայաստանի գործող իշխանությունը որևէ որոշում կայացնելիս արդյո՞ք հաշվարկում է հնարավոր բոլոր ռիսկերն ու վտանգները։

Հ․Գ․ Մեր ժողովուրդը պատմական տարբեր ժամանակահատվածներում մշտապես տուժել է իր քաղաքական վերնախավի ոչ ռացիոնալ ու ոչ պրագմատիկ գործունեությունից, չիմացությունից, էմոցոիոնալ ու պոռթկուն մտածողությունից։

Մենք պետք է ապավինենք մեր ողջամտությանը և կայացնենք իրատեսական որոշումներ։

Մենք ո՛չ Ռուսաստանից պետք է նեղանանք, ո՛չ էլ Արևմուտքից, մեզ չեն դավաճանում, մեզ չեն խաբում, նրանք պարզապես առաջնորդվում են իրենց շահերով։

Ժամանակն է, որ մենք էլ սկսենք առաջնորդվել բացառապես մեր շահերով»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել