Ի՞նչ պատասխանատվություն է կրում երաշխավորը

Երաշխավորության ինստիտուտը եկել է հռոմեական իրավունքից: Ներկայումս այն հանդիսանում է պարտավորությունների կատարման ապահովման ավանդական եղանակներից և լայն կիրառություն ունի մասնավորապես բանկային ոլորտում:

Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել` այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

Ի՞նչ պատասխանատվություն է կրում երաշխավորը:

«Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս խոսքով անհրաժեշտ է նշել նաև՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել