Ուկրաինայի Զակարպատյիե մարզի ղեկավարության հետ հանդիպելու և Ուժգորոդում բացված ՀՀ հյուպատոսական կետի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանը ս․թ․ մարտի 25-ին այցելել է Ուժգորոդ, որտեղ հանդիպել է Զակարպատյեի մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Չուբիրկոյի և Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրիևի հետ։
Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանատնից։
Վ․ Չուբիրկոյի հետ հանդիպմանը դեսպանը երախտագիտություն հայտնեց Զակարպատյեի մարզային իշխանություններին՝ Ուկրաինայի արևելյան շրջաններից իրենց մարզ տեղափոխված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության համար։ Դեսպանը խոսեց հայ համայնքի դերակատարության, պետական շինարարության գործում Զակարպատյեում հայ համայնքի նշանակալի և շարունակական ներդրման մասին։
Այնուհետև դեսպանը Կարապետյանը հանդիպեց Ուժգորոդի քաղաքապետ Բ․ Անդրիևի հետ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին՝ Ուժգորոդում հյուպատոսության բացմանը ցուցաբերած աջակցության համար:
Քաղաքապետը ներկայացրեց Ուժգորոդ տեղափոխված փախստականներին ցուցաբերվող օժանդակության մասին: Քաղաքապետը ընդգծեց նաև հայ համայնքի դերը քաղաքային կյանքում, ակտիվ դերակատարությունը պատերազմի ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման հարցում։
Հանդիպումներին դեսպանին ուղեկցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Կարլեն Շիրինյանը, ով նշանակալի դերակատարություն է ունեցել դեսպանության՝ Լվովի ու Զակարպատիեի մարզ տեղափոխման եւ Ուժգորոդում հյուպատոսական կետի հիմնման գործում, գործարար Ավետիկ Գասպարյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի քարտուղար Արսեն Մելքումյանը։