Արցախի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2022 թվականոի մարտի 24-ի ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե:
_____
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ։