Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին. ԱԳՆ

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորվել է նաև իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել