ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառումը:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում սերմանել հետաքրքրություն գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ` նպաստելով անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Փառատոնի շրջանակում ՀՀ տարբեր մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ կներկայացնեն անհատական և խմբային (մինչև 2 աշակերտ) գիտահետազոտական նախագծեր չորս հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն։
Աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Հաղթող ճանաչված նախագծերն առցանց եղանակով կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ Հայկական համադպրոցական գիտության փառատոն է անցկացվել 2021 թվականին, որի արդյունքում հաղթող ճանաչված 2 աշակերտական թիմերը նույն տարվա մայիսի 16-21-ը մասնակցել են Regeneron ISEF–2021 առցանց միջազգային մրցույթին: «Քվանտ» վարժարանի կողմից ներկայացված «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» նախագիծը (Դավիթ Գյուլամիրյան, Ռոբերտ Սիմոնյան, Կարեն Ալեքսանյան, ղեկավար` Գրիգոր Աղաբաբյան) «Ներկառուցված համակարգ» («Embedded system») անվանակարգում արժանացել է 4-րդ կարգի մրցանակի` ստանալով 500 ԱՄՆ դոլար դրամական պարգև։
«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման ընթացքում տեղի կունենան նաև դասախոսություններ և գիտափորձերի ցուցադրություն: Փառատոնի մուտքն ազատ է: