Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գայանե Խաչատրյանի, փետրվարին 18-ին հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով վճիռը։
Նշենք նաև, որ դատարանը Թովմասյանի հայցը բավարարել է մասնակի։
Դատարանը պարտավորեցրել է պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո (մարտի 18) հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Նիկոլ Փաշինյանը դեռ հերքման վերաբերյալ գրառում չի կատարել: Իրավաբան.net-ի հետ զրույցում Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ իրենք սահմանված ժամկետում բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն էր կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։
Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։
Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։
Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս և ձեռքի հետ կլուծենք»,-նշել էր նա։