44-օրյա պատերազմի պատճառով ես կորցրել եմ ամեն ինչ, ապրում եմ Արցախում և շարունակելու եմ ապրել մինչև վերջ․ Ստեփանակերտում խաղաղ հավաք է կազմակերպվել

Ստեփանակերտում այսօր՝ մարտի 24-ին, խաղաղ հավաք էր կազմակերպվել մանկական հիվանդանոցի մոտ։ Ներկաները նշում են, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, կարելի է միայն հումանիտար աղետ անվանել։

«Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Եթե ոչ մենք, սովորական քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն կհասցնի աշխարհին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում Արցախի խաղաղ բնակչությանը՝ էթնիկ բնաջնջման ենթարկելու նպատակով։ Այո՛, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար բոլոր հնարավոր միջոցներով, և այս պահին մեր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաք կազմակերպելն է»,-նշում են Ստեփանակերտի բնակիչները։

Շուշիի բնակիչ Ալյոնա Սարգսյանը իր ելույթում նշեց, որ հատկանշական է՝ 1919-ից 1920-ական թվականներին հենց այս օրերին, մարտ ամսին Շուշիում հայկական ջարդեր են կազմակերպվել։

«Ադրբեջանի հայատյաց իշխանությունները փորձում են նույն կերպ ծրագիր իրագործել։ Սա սոսկ հումանիտար աղետ չէ։ Եթե այսօր չմիավորվենք ու չմիաբանվենք, ուս-ուսի չտանք, առանց քաղաքական հայացքների ապաքաղաքական այս ակցիայի շրջանակներում, մենք չենք կարողանա հասնել համերաշխության և ի լուր աշխարհի բարձրաձայնենք մեր պահանջները։ Եթե այսօր լռենք, վաղը պատմության դասագրքերում նոր արյունալի էջեր են լինելու։ 44-օրյա պատերազմի պատճառով ես կորցրել եմ ամեն ինչ, անգամ հորս գերեզմանին ներկայանալու պատիվը։ Այսօր այստեղ եմ, ապրում եմ Արցախում և շարունակելու եմ ապրել մինչև վերջ, որովհետև Արցախը ի  տունն  է, պետք է պայքարենք մինչև վերջ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում: Մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, և, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում գազատարի վրա տեղադրվել է փական:

Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը։

Նշվում է, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում:

Մարտի 7-ին վերջին երեսուն տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում, և օդի ջերմաստիճանն աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման և ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր, և ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին մեկուկես մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի, օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել