Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից, aյդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

«Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», – ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդել է, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա:

Ամեն դեպքում Արցախի արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով:

«Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», – ասել է նախարարը:

Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», – հայտնել է արտգործնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել