Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկշոլ Փաշինյանը անդրադարձավ Արցախի գազատարի խնդրին։ Նա հիշեցրեց, որ մարտի 8-ին առաջին անգամ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։
Հիշեցնենք, որ պատկան մարմինների հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը։ Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։
«Չեմ կասկածում իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես։ Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհտև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային այս օրինակը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի։ Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է անհնար դարձնել արցախահայության ապրելը հայրենիքում։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը ամենուր թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում․ «Ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում։