«Դատավորի կիրակի». դատավորները Սուրբ Սարգիս եկեղեցու բակից ավտոմեքենաներով ուղևորվելու են դեպի Սուրբ Գայանե եկեղեցի՝ մասնակցելու պատարագին

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցի՝ «Դատավորի կիրակին» այս տարի նշվում է մարտի 27-ին:

Այս կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը նախաձեռնել էր ուխտագնացություն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն նախաձեռնությանն արձագանքելով Մայր Աթոռից տեղեկացրել են, որ հիշյալ օրը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ ժամը 11:00-ին պատարագ է մատուցվելու, ուստի այդ ընթացքում ուխտագնացություն չի կարելի իրականացնել:

Այսպիսով, մարտի 27-ին՝ ժամը 9:30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու բակից ավտոմեքենաներով ուղևորվելու ենք դեպի Սուրբ Գայանե եկեղեցի՝ պատարագին մասնակցելու:

Ուղևորությանը կարող են մասնակցել ինչպես դատավորներն, այնպես էլ բոլոր ցանկացողները:

Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8): Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել