Օրենքն ընդունվեց․ սնդիկի հավելիչով մի շարք արտադրանքների արտադրությունը կարգելվի

Ազգային ժողովը ապրիլի 23-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է  «Սնդիկի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Ընդունված օրենքի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումն արգելվում է՝ բացառությամբ՝

1) Կողմ հանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող Կողմը Լիազոր մարմնին տրամադրել է գրավոր համաձայնություն առ այն, որ սնդիկն օգտագործելու է Կոնվենցիայով ներմուծող Կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.

2) Կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող երկիրը տրամադրել է գրավոր համաձայնություն, ինչպես նաև հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել են միջոցներ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար, և այդ սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը Կոնվենցիայով թույլատրված է Կողմ երկրներին, կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով։

Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը

1. Սնդիկի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է միայն Լիազոր մարմնի կողմից տրամադրված մեկանգամյա լիցենզիայի առկայության դեպքում:

2. Սնդիկի ներմուծում Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող երկրից, եթե ոչ անդամ Կողմը չի ներկայացնում Լիազոր մարմնին հավաստում առ այն, որ սնդիկը Կոնվենցիայով անթույլատրելի ճանաչված աղբյուրներից՝ սնդիկի հիմնական արդյունահանումից կամ քլոր-ալկալիական արտադրության կայանքների ապամոնտաժումից առաջացած սնդիկ չէ:

Այս օրենքի շրջանակներում կարգելվի նաև սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը։

«Սնդիկի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է․

1.Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սույն մասով նախատեսված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը.

1) Մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է.

2) Անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով.

3) Փոքր չափի լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը` լամպի մեկ այրիչի հաշվով.

4) Խողովակաձև լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար.

ա. մինչև 60 վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով և լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,
բ. հալոֆոսֆատային լյումինոֆորով, 40 վատտ կամ պակաս հզորությամբ և լամպում 10 մգ-ից ավելի սնդիկի պարունակությամբ.

5) Բարձր ճնշման սնդիկային լամպեր ընդհանուր լուսավորության համար.

6) Սառը կաթոդային լյումինեսցենտային լամպեր և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպեր էլեկտրոնային դիսփլեյների համար.

ա. կարճ (մինչև 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
բ. միջին (500 միլիմետրից ավել մինչև 1 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
գ. երկար (1 500 միլիմետրից ավել), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.

7) Կոսմետիկ միջոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում` մաշկը գունաբացող օճառներ և քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ, և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտփոխարինիչներ.

8) Պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ.

9) Ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումները՝

– բարոմետրեր,
– հիգրոմետրեր,
– մանոմետրեր,
– ջերմաչափեր,
– սֆիգմոմանոմետրեր։

2. Արգելվում է հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչով այնպիսի բաղադրիչների ներառումը, որոնց արտադրությունը արգելված է սույն հոդվածով:

3. Սույն հոդվածը չի տարածվում՝

1) քաղաքացիական պաշտպանության և ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանքի վրա,
2) հետազոտությունների, սարքերի չափաբերման համար, որպես չափանմուշ օգտագործվող արտադրանքի վրա,
3) փոխարինման համար սնդիկ չպարունակող ընդունելի այլընտրանքների բացակայության դեպքում՝ անջատիչների և ռելեների, էլեկտրոնային դիսփլեյների համար սառը կատոդային լյումինեսցենտային լամպերի և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպերի, չափիչ սարքավորումների վրա,
4) թիոմերսալը որպես կոնսերվանտ պարունակող պատվաստանյութերի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել