Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Գարնանային գիշերահավասարը տարվա ամենասպասված ժամանակներից է, քանի որ ձմեռը վերջապես իր տեղն է զիջում արևառատ և ջերմ գարնանը։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 19։33-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։

Այդ պահին Արեգակը գտնվում էր Երկրի հասարակածի հարթության մեջ և օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի բոլոր վայրերում հավասարվում են:

Խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում մարտի 20-ի լուսավոր հատվածն ավելի երկար տևեց, քանի որ գումարվում էին նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը։

Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև՝ 21-ին, իսկ այժմ՝ 20-ին։ Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և 26․000 տարում կատարում 1 լրիվ պտույտ։

Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է 1 օրով դեպի առաջ։

Հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Ամեն տարի Զատկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 17-ին։

Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբ։ Որոշ իսլամական երկրներում (օրինակ՝ Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), այն ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել