Փաստաբաննիր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:
Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:
Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:
Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:
Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ: Այս իմաստով փաստաբանի կարգավիճակին է հավասարեցվում նաև փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբան յուրաքանչյուր անձ: