ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչի կողմից մի քանի ավտոմեքենաների վարորդների՝ տրանսպորտային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ հայտնաբերելուց հետո վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին ուռճացված տեղեկություն հայտնելու, նրանց հետ համաձայնության արդյունքում իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերի հիման վրա տուգանքը տեղում գանձելու պատրվակով ՃԵ կանոնների խախտումն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից տարբեր չափերի գումարներ ստանալու փաստը:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Պարզվել էր նաև, որ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ, բացակայում են վերահսկողության բավարար մեխանիզմները:
Քանի որ այս թերությունները հանցագործության կատարման նպաստավոր հանգամանք է հանդիսացել, ՀՀ գլխավոր դատախազը դրանք վերացնելուն ուղղված միջնորդագիր էր հասցեագրել ՀՀ ոստիկանապետին: Արդյունքում ոստիկանությունում ձեռնարկվել են խնդրի կարգավորանն ուղղված գործնական քայլեր:
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները պարզելու, ինչպես նաև դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու և խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն: Դրա արդյունքում վերոնշյալ հանցավոր խախտումները թույլ տված տեսուչը ոստիկանապետի հրամանով ազատվել է ծառայությունից:
Բացի այդ, խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում և դրանց նկատմամբ պատշաճ և ամբողջական վերահսկողություն իրականացնելու, այդ կերպ ոլորտում հնարավոր հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողների գործառույթային պարտականություններում կատարվել է փոփոխություն: Արդյունքում խիստ հաշվառման ձևաթղթերի հանձնման և ընդունման հսկողության պարտականությունը դրվել է դասակների հրամանատարների վրա:
Գրությամբ տեղեկացվել է նաև, որ խիստ հաշվառման վերոնշյալ փաստաթղթերի պատշաճ հաշվառում անցկացնելու նպատակով Պարեկային ոստիկանությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ, որոնք մոտ ժամանակահատվածում կներդրվեն պարեկային ծառայողի լրակազմում: Իսկ ներկայում իրականացվում է իրավասու պարեկային ծառայողների վերապատրաստում այդ սարքավորումներով վարչական իրավախախտման արձանագրությունների արձանագրում իրականացնելու և տուգանքների վճարման անդորրագրերը իրավախախտում թույլ տված անձանց տրամադրելու ուղղությամբ: Դրանով կդյուրացվի փաստաթղթաշրջանառության նկատմամբ հսկողությունը և հնարավորինս կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը: